Դարանակի օֆիոլիթային տեղամասը մերկանում է համանուն գյուղից 1.5-2.0 կմ դեպի հյուսիս-արևելք, կենտրոնական գետակի հովտում։ Բուն հետաքրքրություն ներկայացնող տեղամասը տեղայնացված է գետի աջ ափին (նկ. 1, 2)։ Գերակշռող օֆիոլիթային բաղադրիչը սերպենտինացված մանթիական պերիդոտիտներն են (դաշտում մոխրագույն, փուխր), որոնք ի սկզբանե ծածկված են եղել դարձյալ օֆիոլիթային ալկալային բազալտների ծածկոցով օվկիանոսային փուլում (նկ. 3)։ Ավելի ուշ, միասին ծածկվել են կոնյակի հասակի խայտաբղետ կոնգլոմերատներով։ Բազալտները պարունակում են ռադիոլարիտային ցեմենտ և միասին, լոկալ վարնետքով, փոքր-ինչ սահել են սերպենտինիտների մակերևույթով։ Կոլիզիոն էտապում այս ամբողջ օֆիոլիթային սերիան հստակ կերպով վերնետվել է (վրաշարժված) կամպան-մաաստրիխտի կրաքարերի վրա, որոնք ուժեղ դեֆորմացված են (նկ. 2, 3)։
![]() | Նկար 1. A- Դարանակ երկրատեղանքի դիրքը (կարմիրով) Գեոպարկի տարածքում: B- Երկրատեղանքի դիրքը հարևան բնակավայրերի համեմատ, տեղագրական քարտեզի հիմքի վրա: C-Երկրատեղանքը 1:31 000 մասշտաբի բնօրինակով, Google Earth նկարի վրա: Դեղին գծով նշված է խճուղին: Նարնջագույն քառակուսիներով, 1. սերպենտինիտներ, 2. կրաքարեր, 3. հրաբխանստվածքային ապարներ, ռադիոլարիտներ, սողանք, 4. Խզվածք |

Աղյուսակ 1. Դարանակ երկրատեղանքի թվային գնահատականները:
![]() | Նկար 2. Դարանակ երկրատեղանքի երկրաբանական քարտեզը (Google Earth ծրագրային հենքով) և մեկ կտրվածք A-B առանցքով։ 1. Կամպան-մաաստրիխտի կրաքարեր, 2. Օֆիոլիթային հրաբխանստվածքային՝ բազալտ-ռադիոլարիտային հաստվածք, 3. Սերպենտինիտներ և սերպենտինացված մանթիական պերիդոտիտներ, 4. Կողաշարժ, 5. Վերնետ |
Կրաքարերում առկա է շերտավորմանը զուգահեռ թերթավորում և բուդինաժ («երշիկավորում»)։ Գետաբերուկ վալուններում (≥0.5-1.0 մ) հաճախ են հանդիպում համեմատաբար թարմ կեղևային շերտավորված պերիդոտիտներ, որոնցում հստակ նկատվում են աստիճանական անցումներ դունիտից հարցբուրգիտ, ապա՝ լերցոլիտ ֆացիայով, որը պայմանավորված է ապարում օլիվինի նկատմամբ օրթո- և կլինոպիրոքսենների հարստացմամբ։ Այս ապարներում օլիվինները գրեթե կամ հիմնականում սերպենտինացված են, մինչդեռ պիրոքսենները դեռևս զանազանելի են, իսկ ակցեսորները ներկայացված են հեմատիտ-մագնետիտ զույգով։
Երկրաբանական-երկրատեկտոնական առումով սույն երկրատեղանքը և նրան հարակից ողջ օֆիոլիթային համալիրն ունի կարևոր ճանաչողական նշանակություն Հայաստանի այժմյան տարածքի երկրակեղևի ձևավորման համատեքստում։ Այն ընդգրկում է Թետիս օվկիանոսային (պայմանականորեն) բացման փուլը՝ օվկիանոսային տիպի կեղևի ձևավորմամբ (նկ. 4A), որին հաջորդում է կեղևի կրճատման-կլանման փուլը՝ պայմանավորված սուբդուկցիոն պրոցեսներով (նկ. 4B): Օվկիանոսի կամ ծովի փակման փուլն ուղեկցվում է օվկիանոսային կեղևի մնացորդների օբդուկցիայով (վրաշարժ) ցամաքային կեղևի վրա, իսկ կոլիզիոն էտապում՝ նաև հետագա վերնետք-վրաշարժերով, որոնք հանգեցրել են այսօրվա պատկերին (նկ. 4C)։
Նկար 3. Դարանակ գետահովտի օֆիոլիթային տեղամասի դաշտային լուսանկարներ, համանուն գյուղից մոտ 2 կմ հյուսիս։ (A)–համայնապատկեր, որում սերպենտինիտները (B) վրաշարժվել են կրաքարերի վրա (D)։ (B)–սերպենտինիտները ծածկված են հրաբխանստվածքային՝ բազալտ-ռադիոլարիտային (C) հաստվածքով, որոնք սահել են թեք մակերևույթով։ (D)–կամպան-մաստրիխտի պելագիկ և մերգելային կրաքարերը վրաշարժված են ամբողջ համալիրով (A-C): Կրաքարերը բուդինացված են | ![]() |

Նկար 4. Հայաստանի տարածքի երկրադինամիկ էվոլյուցիայի վերականգնման սխեմատիկ մոդել Սևանի և, առհասարակ, հայկական օֆիոլիթների օրինակով, պայմանականորեն՝ միջին յուրայից մինչև ուշ կավիճ և էոցեն ժամանակահատվածի համար։ A – օվկիանոսային կեղևի ձևավորում սպրեդինգի զոնայում, B – նստվածքակուտակում, հրաբխականություն և օվկիանոսային կեղևի կրճատում սուբդուկցիայի շնորհիվ, C – ծովային ավազանի վերջնական փակում՝ օֆիոլիթային մարմինների վրաշարժով և վերնետմամբ ցամաքային կեղևի վրա